Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

Մեր մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆԴԱՆԻ ՄԻՏՔ

ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆԴԱՆԻ ՄԻՏՔ

Գենագիր. Հայկական մշակութային կոդի թվային հարատևություն «Գենագիրը» հայկական մշակութային ժառանգության թվային շտեմարան է, որը կամուրջ է հանդիսանում հազարամյա ակունքների և ժամանակակից ստեղծագործական մտքի միջև։ Մենք հավաքագրում և թվայնացնում ենք հայկական զարդանախշեր, ժայռապատկերներ, կառույցներ, կրոնական շինություններ ու իրեր, դրամներ, պատվո ցուցատախտակներ, արձաններ, պատմական ճարտարապետական շենքեր, տապանաքարեր ու տառատեսակներ՝ դրանց նոր կյանք տալով ժամանակակից դիզայնում և արտադրությունում։

Նախագծի իրավաբանական կարգավիճակը

«ԳենաԳիր» հայկական մշակութային ժառանգության թվային հարթակը իրականացվում և կառավարվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Արևատուն» գյուղի վերածննդի և զարգացման հասարակական կազմակերպության կողմից։

Կազմակերպությունը հանդիսանում է հարթակի գործունեության, կայքի միջոցով մատուցվող ծառայությունների, բաժանորդագրությունների, մշակութային և կրթական ծրագրերի, ինչպես նաև դրանց շրջանակում իրականացվող վճարումների և նվիրատվությունների կազմակերպիչը։

 

Ինչո՞ւ ընտրել Գենագիրը.

  • Ստուգված աղբյուրներ. Յուրաքանչյուր նմուշ տրամադրված է թանգարանների, ՊՈԱԿ-ների, ճանաչված արվեստագետների ու ուսումնասիրողների կողմից։ Դուք ստանում եք ոչ միայն գեղեցիկ նախշ, այլև դրա պատմական հիմնավորումը։ 
  • Օրինական կիրառում. Յուրաքանչյուր նմուշի հետ ստանում եք կոմերցիոն կիրառման թույլտվություն կամ հեղինակի հետ կապ հաստատելու հնարավորություն։ 
  • Ստեղծագործական ազատություն. Ծանոթացեք տարբեր ուղղությունների, ոգեշնչվեք ևստեղծեք որակյալ ու հիմնավորված նյութերով։ «Գենագիրը» նաև կրթական, ճանաչողական և ժամանցային հարթակ է։ Մենք քայլում ենք առաջ՝ հանրահռչակելու հայ ստեղծարար միտքը՝ հավատալով, որ ազգայինը պետք է լինի կենդանի, կիրառելի և մրցունակ։

 

 

Նախաձեռնողի և թիմի մասին

«Գենագիրը» հիմնադրվել է իրավագետ և անկախ հետազոտող Գոհար Գորգիսյանի կողմից՝ հայրենապահպանման շուրջ երկարամյա մտորումների և հայ մշակութային ժառանգության հանդեպ ունեցած մասնագիտական հետաքրքրության արդյունքում։ Տեսնելով հազարամյա արժեքների թվային պաշտպանվածության և հանրահռչակման հրամայականը՝ նախաձեռնողը ձևավորել է մասնագիտական թիմ՝ միավորելով գիտնականների, հնագետների, լեզվաբանների, մշակութաբանների ու ազգագրագետների։ Թվային թանգարանի այս մոդելը մշակվել է փորձագիտական խորը ուսումնասիրությունների հիման վրա՝ ապահովելով գիտական խստապահանջություն և հուսալիություն։

 Աշխատանքային պրոցեսում թիմին միացել են նաև տաղանդավոր գիդեր, լուսանկարիչներ, գրաֆիկ դիզայներներ և նվիրյալ կամավորներ, որոնցից յուրաքանչյուրը հավատարմորեն ծառայում է հայկական ժառանգության վերաիմաստավորման և պահպանման գործին։

ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆԴԱՆԻ ՄԻՏՔ

Գործընկերություն և աջակցություն

ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆԴԱՆԻ ՄԻՏՔ

«Գենագիր» նախագծի կայացումը հնարավոր է դարձել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, որը հիմք հանդիսացավ հարթակի տեխնոլոգիական զարգացման և թվային մոդելի իրականացման համար։ Մեր գործունեության առանցքը հիմնված է պետական և մշակութային գերատեսչությունների հետ սերտ համագործակցության վրա։ Ծրագրի հաջողությունը պայմանավորված է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզպետարանների ցուցաբերած պատրաստակամության և աջակցության շնորհիվ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում հայաստանյան թանգարաններին և մշակութային օջախներին՝ արխիվային նյութերի տրամադրման և վստահության համար։ Մեր աշխարհագրությունը չի սահմանափակվում Հայաստանով. բանակցություններ ենք վարում սփյուռքի հայ համայնքների հետ՝ օտար երկրներում պահպանվող հայկական մշակութային ժառանգությունը նույնպես կայքում ներառելու նպատակով։

 

Այս լայնածավալ գործընկերությունը «Գենագիրը» դարձնում է համահայկական նշանակության հարթակ։